Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են. Ազիզ Թամոյան
ОбществоԵզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, որոնց հայրենիքը Հյուսիսային Իրաքն է,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Աշխարհի եզդիների միության» եւ «Հայաստանի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը:
Նա նշեց, որ հիմնականում Շանգալի տարածքում են բնակվում եզդիները:
«Շանգալն այն տարածքն է, որտեղ եզդիների նախնիները հազարամյակներ առաջ ապրել են՝ դարձնելով այն եզդիների բնօրրան: Դա մեր հայրենիքն է, այստեղ 10 հազար քառակուսի կիլոմետր մեր հայրենիքն է՝ Սինջարի տարածքում. այնտեղ ապրում է 70 եզդիական համայնք։
2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» կոչվող չարիքի կողմից հարձակում եղավ եզդիաբնակ 70 գյուղերի վրա, 50 գյուղեր ֆիզիկապես բնաջնջվեցին, հետո այնտեղ եղբայրական գերեզմաններ գտան, որտեղ թաղված են 100-ից ավելի դիակներ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ առ այսօր եզդիների վիճակը շարունակում է վատ մնալ:
Ազիզ Թամոյանը հավելեց, որ 7-րդ դարից սկսած՝ մինչ օրս եզդի ժողովրդին 74 անգամ ցեղասպանության են ենթարկել:
«Իրաքն այսօր պատրաստ է ինքնավարություն տալ եզդիներին ու քրիստոնյա ժողովրդին, սակայն քրդերը խանգարում են, ցանկանում են նաեւ սեպտեմբերի 29-ին հանրաքվե անցկացնել: Դա իրենց գործն է, մենք դեմ չենք, բայց պետք է թույլ չտանք, որ Իրաքի հյուսիսում գտնվող 10 հազար քառակուսի կիլոմետր եզդիական տարածքը մտնի նրանց սրի տակ:
Մենք դիմում ենք աշխարհի գերտերություններին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Գերմանիային, Անգլիային, Ֆրանսիային, ինչպես նաեւ ՄԱԿ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին, որ թույլ չտան՝ կրկին եզդիների նկատմամբ ցեղասպանություն լինի: Այստեղ եզդի չի մնա, աշխարհի երեսից եզդիները կվերանան, քանի որ կքրդացնեն նրանց»,- ընդգծեց Ազիզ Թամոյանը: