Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին
ЭкономикаՍիրիայում հուլիսի 17-ին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև օգոստոսի 26-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև մի շարք արաբական, եվրոպական և ասիական պետությունների ընկերություններ և դեսպանություններ։
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։
Հայկական տաղավարի բացումը կատարել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա-հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման և հզորացման գործում։
Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի ուշադրության կենտրոնում։
Տեղեկանք: Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը Մերձավոր Արևելքում ամենահներից մեկն է և ունի ավելի քան 60 տարվա պատմություն։ Այն առաջին անգամ բացվել է 1954թ.-ին` 26 արաբական և օտար պետությունների մասնակցությամբ: Պատերազմից առաջ` Սիրիայում տնտեսական վերելքի տարիներին, Դամասկոսի ցուցահանդեսը դարձել էր տարածաշրջանայի և միջազգային նշանակության առևտրատնտեսական միջոցառում։ Սակայն 2011թ.ից ցուցահանդեսի գործունեությունը սառեցվել էր։