Եվրասիական տնտեսական միության կազմում ԵԱԶԲ-ն Հայաստանին ֆինանսավորելու նոր ուղիներ կգտնի
Եվրասիական զարգացման բանկը շարունակելու է աշխատել հայաստանյան կոմերցիոն բանկերի հետ, հետաքրքրված է հանքարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը: «Կլինի նաև առևտրային ֆինանսավորում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմաններում: Հայաստանի համար ստեղծվում են մեծ հեռանկարները, քանի որ ԵՏՄ շուկան բավականաչափ մեծ է: Հայաստանն այնտեղ կարող է հաջող ձևով դրսևորվել' հաշվի առնելով նաև ԵՏՄ-ի անդամ երկրներում հայկական սփյուռքի գործոնը: Ես կարծում եմ, որ պոտենցիալ կա բիզեսի զարգացման համար' թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս»,-ասաց նա:
ԵԱԶԲ-ն Արմանիսի ոսկու-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերությանը տրամադրեց 11 միլիոն դոլար վարկ, որն ուղղված կլինի գործարանի արտադրական հնարավորությունները զարգացնելուն: Հարցին ի պատասխան, թե ինչու որոշեցին ֆինանսավորել հենց այդ ընկերությանը, Սերգեյ Իգնատովը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում այն ամենաժամանակակից ընկերություններից մեկն է Հայաստանում:
«Բավականին ուսումնասիրել ենք ընկերության ֆինանսական մոդելները, մյուս ցուցանիշները: Բացի այդ' այն Հայաստանում առաջին անգամ կիրառում է թափոնների վերամշակման մեթոդը, որը էկոլոգիապես անվտանգ է, ինչը մեզ համար ևս շատ կարևոր է: Այն ունի զարգացման պոտենցիալ, ոչ մեծ ներդրումների դեպքում ընկերությունը հնարավորություն ունի էականորեն մեծացնել վերամշակման ծավալները»,-ասաց ԵԱԶԲ ներկայացուցիչը' հավելելով, որ լավ արդյունքների դեպքում իրենք պատրաստ են կրկին համագործակցել թե ներկայիս հանքավայրի շահագործման, թե այլ հանքերի ծրագրերի դեպքում:
Սերգեյ Իգնատովի խոսքով' հայկական հողը հարուստ է պինդ օգտակար հանածոներով' մոլիբդեն, ոսկի, ցինկ, պղինձ, և Հայաստանը պետք է օգտագործի իր այդ պոտենցիալը: «Իմ կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի այդ ռեսուրսներն իր տնտեսության զարգացման համար»,-ավելացրեց նա:
Բանկը Հայաստանում է 2009 թվականից է գործում, այստեղ իրականացրել է մոտ 100 փոքր ու միջին ձեռնարկության վարկային ֆինանսավորման ծրագիր տեղական կոմերցիոն բանկերի միջոցով: 2010 թվականին էլ ուղղակիորեն ֆինանսավորում է հատկացվել 30 միլիոն դոլարի չափով, որպեսզի գնվի հացահատիկ: