Մտավորականները կողմ են Երևանի փողոցներն անվանափոխելու առաջարկին, սակայն կոչ են անում հարցին պոպուլիստական երանգ չհաղորդել
ОбществоՀուշարձանագետ Սամվել Կարապետյանը ևգրականագետ Դավիթ Գասպարյանը կողմ են Խորհրդային Միության տարիների գործիչների անունները կրող որոշ փողոցներն անվանափոխելու գաղափարին, սակայն գտնում են, որ դա պետք է արվի առանց ծայրահեղության և ավելորդ պոպուլիզմի:
Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Դավիթ Գասպարյանն ընդգծեց, որ փողոցների անվանումները պետք է ազգայնացնել, սակայն դրա հետ մեկտեղ զերծ մնալ ծայրահեղ քայլերից: «Խորհրդային այն գործիչների անուններով, ովքեր նշանակալի գործեր են արել Հայաստանի համար, փողոցներ մենք պետք է ունենանք: Որոշ փողոցներ անվանափոխելու կարիք իսկապես կա, սակայն այս հարցը չպետք է քաղաքական ալիքի վրա տարփողել»,- ընդգծեց Գասպարյանը:
Նրա խոսքով` այդ հարցը պետք է լուրջ քննարկումներ անցնի մասնագետների մասնակցությամբ, դրանով պետք է զբաղվեն հատուկ հանձնաժողովներ:
«Սա շատ նուրբ հարց է, և դրան պոպուլիստական երանգներ պետք չէ տալ: Այսպիսի հարցերը պետք է լուրջ հանձնաժողովներում քննարկվեն»,- ասաց գրականագետը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ևս այն կարծիքին է, որ փողոցներն անվանափոխելու հարցում պետք է զերծ մնալ ծայրահեղ քայլերի գնալուց: Նրա խոսքով` Երևանում կան փողոցներ, որոնք իսկապես անվանափոխելու կարիք ունեն:
«Օրինակ, Լենինգրադյան փողոց պահելու իմաստ միգուցե կա Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, սակայն ոչ Երևանում: Ես տեղյակ եմ, որ մարդկանց մի խումբ պարբերաբար նամակներ է հղում քաղաքապետարան, ակցիաներ անցկացնում, որպեսզի Երևանի Լենինգրադյան փողոցն անվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: Ես միանգամայն կողմ եմ այս առաջարկին, և, կարծում եմ, քաղաքապետարանն ընդառաջ պետք է գնա այս առաջարկին:
Հուշարձանագետն ևս այն կարծիքին է, որ խորհրդային տարիների գործիչներ կան, որոնց անուններով փողոցներ պետք է լինեն: Նրա խոսքով, սակայն, անուններ կան, որ չպետք է հարատևեն, անուններ էլ կան, որ դեռ նույնիսկ չեն էլ հիշատակվել և պետք է նաև դրանց անդրադառնալ: