Բազեն՝ Հայաստանի կուսակցական համակարգի ախտորոշում
АналитикаLraber.info-ն գրում է.
Ամենամյա Բազե միջոցառումը, որ իր բնույթով երիտասարդական ճամբարային անհոգ հավաք է հիշեցնում, իրականում դարձել է Հայաստանի կուսակցական համակարգի անճարության ախտորոշումը: Բազեն ՀՀԿ-ի սերնդափոխության ռեսուրսն է, այն ներուժը, որի վրա իբր ՀՀԿ-ն պատրաստվում է հենվել, փոփոխվել, թարմանալ: Իհարկե, այն հայտարարված չէ որպես կուսակցական միջոցառում, բայց ՀՀԿ երիտասարդական թևի մեծ մասն այս կամ այն կերպ անցել են Բազեով: Իսկ Բազեով անցած անկուսակցականները դարձել են լոյալ:
Ի վերջո ինչն է դարձնում Բազեն այդքան խոցելի: Խնդիրը այնտեղ հավաքված երիտասարդները չեն, ոչ էլ կազմակերպիչները: Խնդիրը նաև միջոցառման ֆորմատը չէ, այդպիսի ֆորմատներ արվում են շատ երկրներում: Խնդիրն այն է, որ ՝ 1-ին Բազեն իրականում որևէ սերնդափոխության հիմք էլ չի հանդիսանում: 2-րդ ՝ ծախսվող ահռելի գումարները որևէ պրոդուկտ չեն տալիս, որևէ քաղաքական դրամատուրգիա չունեն և սահմանափակվում են «բարի ու անշառ» միջոցառման սահմաններում:
1-ինի մասով ՝ ՀՀԿ-ի վերարտադրությունը տեղի է ունենում ոչ թե կոնկրետ բազայով, կոնկրետ ինստիտուտով, այն վերատրադրվում է ըստ իրավիճակի՝ ով կարող է այդ պահին ձայն բերել, ով կարող է հարված վերցնել այդ պահին: Իսկ Բազեն ընդամենը սեփական էլեկտորատ, ապագա ցածր ու միջին չինովնիկական խավ ձևավորելու միտված քայլ է: Բազեով անցած ու բարձրացած երիտհանրապետականները բարձրացել են այլ հատկանիշների շնորհիվ:
2-րդ ՝ Բազեում չկա որևէ քաղաքական բանավեճ: Ոչ թե բազմակարծություն, այլ բանավեճ: Այսինքն, ենթադրենք այնտեղ հավաքված են իշխանությանը համակրողները կամ լոյալներ, բայց այնտեղ չկա իշխանության քաղաքական էությանը, հակառակորդների սնանկությանը, ներիշխանական քննարկումներին, ՀՀԿ-ի ապագային: Ստերիլ և լոյալ հավաք ՝ այսքան բան: Պատկերացրեք, եթե ՀՀԿ-ի վերարտադրության ռեսուրսն է այսպիսին ՝ ադմինիստրատիվ դոմինանտության պարագայում, ուրեմն մյուս կուսակցություններում վիճակն ընդհանրապես անհուսալի է:
Սարգիս Մեսրոպյան