Առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու գործով դատավորի պաշտպանը դժգոհ է նախաքննությունից
ОбществоNews.am-ը գրում է.
Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի շահերի պաշտպանը նախաքննությունից դժգոհ է: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, չնայած նախաքննության ավարտ է հայտարարվել, սակայն, շատ բացթողումներ կան, որոնց գործի նյութերին ծանոթանալուց հետո կանդրադառնան:
Նշենք, որ գործի նյութերն արդեն ուղարկվել են կողմերին, այն բաղկացած է 15 հատորից:
Նշենք, որ այս գործով կալանավորված են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի նախկին դատավոր Վանիկ Վարդանյանը եւ Գեղարքունիքի նախկին դատախազ Սեւակ Շհոյանը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: