«Գործարար առաջնորդների կլոր սեղան». Լոս Անջելեսում ներկայացվել են Հայաստանի տնտեսական հնարավորությունները
ЭкономикаԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը California Consulting ընկերության և Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ oգոստոսի 22-ին կազմակերպել էր «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայկական և ամերիկյան գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ գործիչներ, Լոս Անջելեսի և Փասադինայի առևտրի պալատների նախագահները, Լոս Անջելեսի Համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավարները, գործարար ոլորտի այլ կառույցների պատասխանատուներ:
Կլոր սեղանի բանախոսներ` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը ներկայացրեցին Հայաստանի գործարար միջավայրի, մակրոտնտեսական ցուցանիշների, բիզնես ոլորտի առավելությունների մասին տեղեկություններ, խոսեցին նաև հայ-ամերիկյան գործարար կապերը խթանելու տեսակետից հեռանկարային համարվող ուղղությունների մասին:
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում գործարար ծրագրեր իրականացնելու ընթացակարգերի վերաբերյալ կլոր սեղանի մասնակիցների հարցերին:
Գործարար քննարկումը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնած միջոցառումների շարքի հերթական՝ երկրորդ հանդիպումն է: Հաջորդը նախատեսվում է կազմակերպել տարեվերջին: