Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը. Հակոբ Հակոբյանը` Միքայել Մելքումյանին
Ազգային ժողովում այսօր շարունակվեց 2015 թվականի բյուջեի քննարկումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում այսօր գործազրկությունը:
«Իմ տեղեկություններով՝ գործազրկության մակարդակը 18.6% է, որը տարածաշրջանում ամենաբարձրն է»,- ասաց Մարուքյանը և հարցրեց, թե ինչ ծրագրեր են արվում, որ նվազեցվեն գործազրկության, աղքատության մակարդակը:
Պատգամավորի հարցին ի պատասխան, Արտեմ Ասատրյանը նշեց, որ գործազրկության մակարդակի ցուցանիշի հրապարակման հետ կապված ժամանակին եղել են պաշտոնական ու իրական գործազրկություն հասկացությունները, որոնք հիմա այլևս կիրառելի չեն, և հիմա այդ ցուցանիշներն ԱՎԾ-ի կողմից են հրապարակվում:
Նախարարը հավելեց, որ մի շարք ծրագրեր իրագործվում են այդ ուղղությամբ, ու այս ժամանակաշրջանում աշխատանքի է տեղավորվել 8155 մարդ: Նա նկատեց, որ նախարարությունը, կարևորելով գյուղացիական աջակցության ծրագիրը, այս տարի էլ է իրականացնում:
«Հիմա փորձում ենք մարզպետների հետ քննարկել, որ այս աջակցության ծրագիրը պետական մյուս աջակցության ծրագրերի՝ վառելիքի, սերմնացուի, արտոնությունների տրամադրման հետ կապված համադրելի լինեն, դրանք կոմպլեքսի մեջ դիտարկենք»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
ԲՀԿ պատգամավորին, սակայն, նախարարի պատասխանը չբավարարեց և նա նշեց, որ նախարարը գործազրկության մակարդակը հստակ չասաց. «Հաջորդը՝ գյուղատնտեսական աջակցության առումով ինչքան գումար եք տրամադրում մեր գյուղաբնակ մեկ քաղաքացուն»,-հարցրեց նա:
«Հիմա սոցապնախարարը ո՞նց կարող է պատասխանել, երբ այդ աջակցությունը գտնվում է մի այլ ոլորտում»,- Մելքումյանին ընդհատելով՝ ասաց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Մելքումյանը նշեց, որ նախարարը հասկացավ, թե ինչին էր վերաբերում իր հարցը:
«Ես խնդրում եմ՝ դուք այդպես շատ կուրծք ծեծելով բան չանեք այս առումով, հարցերը բխում են ներկայացված նյութից»,- ասաց Մելքումյանը, իսկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ այստեղ ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը»:
«Դուք էլ ձերը, շատ բան մի արեք, պետք չէ այդպես ոգևորվել: Սոցապնախարարը կառավարության անդամ է, պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպս մենք ու դուք»,- ասաց Մելքումյանը: