Խերսոն քաղաքում սեպտեմբեր ամսին կանցկացվի «Հայկական մշակույթի շաբաթ»
ОбществоՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Օդեսայում օգոստոսի 22-ին հանդիպել է Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոյի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին և դրանում ապակենտրոնացված համագործակցության մասնաբաժնին առնչվող հարցեր, նախանշվել Հայաստանի վարչատարածքային միավորների և Խերսոն քաղաքի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության սերտացման և զարգացման կարևորությունը ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն նշել է, որ քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի Հանրապետության քաղաքների հետ համագործակցության խորացմամբ: Վլադիմիր Միկոլաենկոն ընդգծել է Խերսոնի հայ համայնքի կարևոր դերը քաղաքի կյանքում՝ գոհունակությամբ նշելով, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Խերսոնի միջնակարգ դպրոցներից մեկում սկսվելու է հայոց լեզվի դասավանդումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Խերսոնի և Հայաստանի քաղաքների միջև ապրանքաշրջանառության և զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին «Հայկական մշակույթի շաբաթ» անցկացնել Խերսոն քաղաքում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին, որի շրջանակում կներկայացվեն ՀՀ տնտեսական և զբոսաշրջային ներուժը և երկրի պատմամշակութային ժառանգությունը: