Կառավարությունը հերթական ընկերությանը տվեց ներդրումային ծրագրի արտոնություն
ЭкономикаՀՀ կառավարությունը բավարարեց «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։
«Արդեն իսկ իրականացվել է 250 մլն դրամի ներդրում, նախատեսվում է ևս 280 մլն դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 15 աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 100 մլն դրամ, որից 85 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 15 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ամփոփել, թե այս տարվա ընթացքում քանի ձեռնարկության է արտոնություն տրամադրվել: