Իսրայելն ու Ռուսաստանն ընդդեմ Հայաստան-Իրան հեռանկարի
АналитикаLraber.info-ն գրում է.
Սերժ Սարգսյան -Պուտին հանդիպումից առաջ ՌԴ նախագահը ընդունել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուին: Վերջինս բավական կոշտ արտահայտվել է Իրանի հասցեին ՝ նշելով, որ վերջինս ընդլայնում է իր ազդեցությունը Իրաքում, Եմենում, Սիրիայում, Լիբանանում և այն բոլոր տեղերում, որտեղ Իսլամական Պետությունը նահանջում է, հայտնվում է Իրանը:
Իրանն ու Իսրայելը թշնամիներ են շատ վաղուց, Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիների իմաստով մարտնչում են երկար ժամանակ: Հիմա նրանց կոնֆլիկտը տեղափոխվում է նաև դեպի Անդրկովկաս: Պատահական չէ Նաթանյահուի նման կոշտ դիրքորոշումը Սերժ Սարգսյանի այցից առաջ: Հայաստանն հիմա ընդլայնում է իր հարաբերություններն Իրանի հետ ու նաև փորձում այդ գծի վրա համագործակցել Չինաստանի հետ: Իսրայելն էլ ակտիվ մասնակցում է Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացին: Միաժամանակ հասկանալով, որ միակողմանիորեն աջակցելով Ադրբեջանին Իսրայելը Կովկասում կարող է կորցնել Հայաստանին կամ հանձինս նրա ձեռք բերել թշնամի, Հայաստան են ուղարկում իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Նաթանյահուի բարձրաձայն քննադատությունը Իրանի հասցեին Պուտինի մոտ ևս պատահական չէ: Նաթանյահուն բողոքում է Իրանի ազդեցության աճից Կովկասում ժանդարությամբ զբաղվող տարածաշրջանային գերտերության մոտ, որը անմիջական ազդեցության լծակներ ունի Հայաստանում: Իսկ կովկասյան տարածքում Իրանի ամրապնդման առաջնային լծակը հենց Հայաստանն է, ամրապնդման գործիքակազմը ՝ գազային ոլորտը, դրա կանխարգելմամբ շահագրգռված սուբյեկտը ՝ Ռուսաստանը, որին էլ Նաթանյահուն Սարգսյանի հետ հանդիպումից առաջ «թասիբի է գցում»:
Արտակ Ասլանյան