Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
ОбществоՎրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները oգոստոսի 24-ին` ժամը 15.00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը: Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ: Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան: Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը սպառնում էր մոտակա՝ Ծաղվերի բնակավայրին:
Հայ հրշեջ-փրկարարները, վաղ առավոտից պայքարելով հրդեհի դեմ, կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
Երրորդ տեղամասի տարածքում եղած անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ: