«Երևան Սիթի Տուր»-ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին
ОбществоԵրևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացրին, որ օգոստոսի 25-ից, ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը:
Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը: Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակում։