Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցահանդեսին ներկայացվեցին սևապատկերների վերականգնված տարբերակները
КультураԽորհրդահայ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսին ներկայացվեցին պահպանված սևապատկերների վերականգնված տարբերակները: Ցուցահանդեսին ներկայացվեց 183 լուսանկար:
Օգոստոսի 25-ին` ցուցահանդեսի բացմանը նվիրված ասուլիսում այս մասին ասաց «Լուսադարան» հայ լուսանկարչական հիմնադրամի տնօրեն Վիգեն Գալստյանը:
«Ցուցահանդեսը ժամանակագրական չէ, թեմատիկ կառուցվածք ունի: Բաղկացած է հինգ բաժնից, որոնք արտացոլում են արվեստագետի հիմնական թեմատիկ հետաքրքրությունները: Դրանք են երկիր, բնակիչներ, քաղաք, պատմություն և ժամանակ թեմաները : Ներկայացված են շուրջ երեք տասնամյակում կատարված աշխատանքները: Նրա արխիվն ուսումնասիրելով` ակնհայտ դարձավ, որ նրա հետաքրքրությունները ոչ թե տարիների ընթացքում փոխվել են, այլ զարգացել և խորացել»,- ասաց Վիգեն Գալստյանն ու հավելեց` նրա դերը լուսանկարչության զարգացման մեջ գնահատելը դժվար է:
Ըստ նրա` Գագիկ Հարությունյանի գործունեության կարևորությունը նրանում է, որ նա իր ժամանակում լուսանկարչությանը վերաբերվել է որպես միանշանակ արվեստի: Նրա «Գյուղական էսքիզներ», «Քաղաք», «Հին քաղաք», «Ղարաբաղ» և այլ շարքերը նորամուծություն էին: Լուսանկարը 80-ականներին միայն լրատվական բնույթ էր կրում,սակայն նա վերացրեց այդ կարծրատիպը:
«1990-ականներին արվեստագետը ոչնչացել էր իր տպածո լուսանկարները, որոնք նաև ցուցահանդեսային գործեր էին: Օգտագործելով ժամանակակից թվանշանային տեխնոլոգիաները` մենք վերականգնեցինք պահպանված սևապատկերները Սիդնեյում և Փարիզում: Գործընթացը տևել է 6 տարի: Վերականգնվել է շուրջ 200 լուսանկար, որոնցից 173-ը ներկայացված են ցուցահանդեսում»,-ասաց Գալստյանը:
«Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս վեց տարի առաջվանից, երբ առաջարկ ստացանք Վիգեն Գալստյանից: Սակայն ունեինք մի խնդիր` պետք է արվեստագետին համոզեինք կազմակերպել ցուցահանդեսը: Եվ այսօր նկարիչների միությունում ներկայացանում ենք 183 աշխատանք,- ասաց «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:
Գերմանիայի Հալե քաղաքում տպագրվել է երկլեզու` հայերեն և գերմաներեն պատկերագիրք, որում ներկայացված են Գագիկ Հարությունյանի 183 լուսանկարները:
Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի հեղինակը` Սոնա Հարությունյանը: