Լևոն Մկրտչյանն ուսուցիչներին արտոնություններ տրամադրելու անհրաժեշտություն է տեսնում
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում ուսուցիչների արտոնությունները վերականգնելու անհրաժեշտություն է տեսնում :Այս մասին նախարարն ասաց 2017-18թթ. ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ, դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարն ընդգծեց, որ այս տարի հիմնական շեշտը դրված է «Ուսուցիչ» նախագծի վրա: «Ուսուցչի հանդեպ հարգանքն ու վստահությունը պետք է վերականգնվի, բացի այդ` պետք է ուսուցիչներին որոշ արտոնություններ տրվեն:
«Օրինակ, եթե երիտասարդ ուսուցիչը գնում է դասավանդելու բարձր լեռնային շրջաններից մեկում, պետք է օգնենք, որ ընտանիք կազմի, վերականգնենք «ուսուցչի տուն» հասկացությունը: Այսինքն` սոցիալական բլոկը պարտավոր ենք ապահովել, եթե ուզում ենք նրանց հեղինակությունը բարձրացնել: Բայց պետք է շատ ազնիվ լինել և եթե ինչ-որ բան չենք կարող հիմա իրագործել, պետք է ասել, որ դա չենք կարող այս շրջանում կյանքի կոչել»,-ասաց նախարարը:
Նախարարի կարծիքով` անպայման պետք է տնօրենին վերադարձնել իր անկախությունը: Մկրտչյանի խոսքով` անընդունելի է տնօրենի այն խեղճ վիճակը, որն այսօր կա: «Չի՛ կարելի: Գյուղը պետք է գա ուսուցչից ու տնօրենից խորհուրդ հարցնի: Մենք մի քիչ շրջել ենք ամեն ինչ: Տարիքով մեծ տնօրենները նեղվում են` հիշելով, թե տարիներ առաջ ինչ դիրք ունեին գյուղում: Տնօրենին թուլացնելով, թվում է` ամեն մեկն իր դիրքն է ամրապնդում` գյուղապետ, մարզպետ, բայց արդյունքում մենք ճյուղն ենք կտրում, որի վրա նստած ենք: Ի վերջո, մեր հասարակության մտավորականությունը նախ 37 000 ուսուցիչներն են»,-ընդգծեց ԿԳ նախարարը:
Նրա խոսքով «Ուսուցիչ» ծրագիրը երկու հարթություն ունի` սոցիալական և գիտելիքի վերապատրաստում, սակայն դրանք ածանցյալ են, որոնք պետք է օգնեն, որ ուսուցիչը գտնի իր հպարտությունը, անկախությունը, որն էլ երկրորդ կարևոր դրույթն է ծրագրի: Այսինքն` դպրոցը պետք է դառնա ինքնաբավ, կարողանա իր վրա հենվել:
Նախարարը նկատեց, որ դպրոցի խորհուրդները չեն աշխատում` եթե տնօրենն ուժեղ է, իր ազդեցության տակ է խորհուրդը, եթե թույլ է` գյուղապետի ազդեցության տակ է, այսինքն` խորհուրդը սկսում է ոչ թե դպրոցին ծառայել, այլ օգտագործվել:
Դիմելով ներկա տնօրեններին՝ նախարարը նշեց, որ պետք է գործողություններ ձեռնարկել, որպեսզի խորհուրդների համակարգը սկսի աշխատել: «Կարելի է ամեն շրջանում մեծ խորհուրդ ստեղծել, որը հիմք կլինի բոլոր դպրոցների համար և կուժեղացնի այդ խորհուրդը: Ուզում ենք` դպրոցն ինքնուրույն լինի, և այդ ինքնուրույնությունը պետք է ուսուցչի վստահության աստիճանը բարձրացնի` դպրոցի կայացմանը զուգընթաց: Մեր կրթակարգը տալիս է հնարավորություն, որպեսզի դպրոցը 30 տոկոսով կարողանա իր կամընտրական ծրագիրն անի, բայց եթե այնքան խեղճ է դպրոցի տնօրենը, որ, ասենք, գյուղապետի կինն աշխատանքի ուսուցում է տալիս ու ասում` 30 տոկոսը դրեք այդ առարկայի վրա, այդտեղ, բնականաբար, այդ 30 տոկոսը ոչինչ չի տա դպրոցին»,- եզրափակեց Մկրտչյանը: