Արյունաբանական կենտրոնը նախատեսում է ևս 3 հիվանդի ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել
ИнтервьюՊ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն առաջիկայում նախատեսում է իրականացնել ևս 3 հիվանդի ոսկրածուծի` արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ հավանաբար առաջիկա փոխպատվաստմանը ևս իրենց կողքին կլինի գերմանացի մասնագետ:
«Օգոստոսի 24-ին իմ թիմի հետ իրականացրեցինք 49 և 50 տարեկան հիվանդների ոսկրածուծի փոխպատվաստում: Ողջ ընթացքին հետևում էր Ֆրանկֆուրտի կլինիկայի (Klinikum Frankfurt (Oder)) ավագ բժիշկ Ուլրիխ Բիթսը, ով եկել էր Հայաստան մեր հրավերով»,-ասաց Սմբատ Դաղբաշյանն ու հավելեց, որ առաջիկա փոխպատվաստումներին ևս ցանկալի կլինի՝ իրենց կողքին լինի գերմանացի մասնագետ: Սակայն հաջորդ փոխպատվաստման ժամանակը հստակ ասել դեռ չեն կարող:
Դաղբաշյանի խոսքով՝ երկու բժշկական կենտրոնների միջև համագործակցությունն ընդլայնվում է: Ուլրիխ Բիթսը նաև հետագա համագործակցության ցանկություն է հայտնել: Հնարավոր են նաև այցեր Հայաստանից:
«Ցողունային բջիջների փոխպատվաստումը Հայաստանում արդեն ներդրված մեթոդ է, որն ընդլայնելու է իր շրջանակները: Փոխպատվաստումներ կիրականացվեն նաև շատ այլ հիվանդությունների համար: Թե արյունաբանական, թե ուռուցքաբանական հիվանդություն ունեցողները Հայաստանում համապատասխան ցուցումների առկայության դեպքում կփոխպատվաստվեն »,-եզրափակեց Դաղբաշյանը:
Հայաստանում տարեկան 60 հիվանդ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեն: