Բարձր մահացություն ունեցող հիվանդություններից երկուսը Հայաստանում նվազել են
ИнтервьюՆորագոյացություններից և շնչառական համակարգի հիվանդություններից մահացությունը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակին նվազել է 2016-ի նույն ժամանակի համեմատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանըշնչառական համակարգի հիվանդություններից մահացության նվազումը պայմանավորեց իրազեկմամբ, հիվանդության վաղ կանխարգելմամբ, հիվանդացության նվազմամբ և բժիշկների հանդեպ վստահության բարձրացմամբ:
«Շնչառական հիվանդություններից մահացության նվազումը պայմանավորված է շատ գործոններով՝ առաջին հերթին կանխարգելմամբ: Աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչն է հանգեցնում այդ հիվանդությունների առաջացմանը: Նախքան բուժումը շատ կարևոր է կանխարգելումը: Նաև բարձրացել է բժիշկների նկատմամբ հիվանդների վստահությունը: Նախկինում մարդիկ ավելի շատ էին դիմում ինքնաբուժության: Բժիշկներն ավելի հմուտ են դարձել»,-ասաց Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ նկատվում է հիվանդացության նվազում: Քրոնիկ հիվանդությունների դեպքեր, սրացումներ չեն լինում, քանի որ հիվանդությունը ճիշտ է վերահսկվում: Նվազել են հատկապես բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օկստրուկտիվ հիվանդությունը: Անդրանիկ Ոսկանյանը հիվանդացության նվազման գործում Հայաստանում կարևորեց նաև անձավաբուժության կիրառումը: Օգտագործվում են ստորգետնյա և վերգետնյա անձավները՝ բուժելու երեխաների մոտ ի հայտ եկած բրոնխիալ ասթման:
2017-ի առաջին կիսամյակում շնչառական հիվանդություններից մահացել է 1 013 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 1 194-ի համեմատ: Նորագոյացություններից մահացությունը կազմել է 2 756՝ 40-ով պակաս 2016-ի նույն ժամանակում մահացածներից: