Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը
ЭкономикаՀայաստանը Չինաստանի հետ քննարկում է մեր երկրում պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Մենք քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի պատրաստենք ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատում ենք չինական կողմի մեր գործընկերների հետ, և երբ լինի նորություն, այդ մասին կհայտնենք»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:
Նրա տեղեկացմամբ՝ ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար: Ծրագրի տնտեսական արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դրանք վերջնականապես պարզ կդառնան աշխատանքների ավարտից հետո:
Անդրադառնալով ընթացիկ տարում ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալներին՝ նախարարը հրաժարվեց որևէ թիվ ներկայացնել և ավելացրեց, որ վերջնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերին: