Կառավարությունը բյուջե լցնելու նոր ձև է գտել
Аналитикаb4b.am կայքը երեկ հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ ուշագրավ փաստեր է ներկայացրել հարկային մարմինների կողմից սննդի օբեկտներին ներկայացված նոր խաղի կանոնների մասին, որոնք վերաբերում են menu.am առաքման ցանցով այդ սննդի օբյեկտներից սնունդի առաքման շուրջ համագործակցությանը և այդ առաքման ծառայությունների առանձին հարկմանը: Կայքը մասնավորապես նշում է, որ ՊԵԿ-ը անսպասելիորեն տեղեկացրել է, որ այն սննդի օբեկտները, որոնք Menu.am-ի միջոցով առաքում են սնունդ պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեին՝ արտոնագրային վճարից բացի։ Կայքի տեղեկություններով ՝ ՊԵԿ հարկային ծառայության աշխատակիցները վերջին շրջանում զանգահարում են Menu.am-ի հետ համագործակցող օբյեկտների տնօրեններին և տեղեկացնում, որ այդ ծառայության միջոցով վաճառված սննդի արժեքից պետք է ԱԱՀ կամ շրջհարկ վճարել։ Հիմնավորումը հետևյալն է. եթե սնունդը կամ խմիչքը տվյալ օբյեկտի տարածքում չի սպառվում, ապա դա արդեն ոչ թե հանրային սննդի ոլորտի գործունեություն է, այլ ուրիշ բան` ասենք սննդի վաճառք, որը ԱԱՀ կամ շրջհարկ է գոյացնում։
Իսկապես, փայլուն գաղափար: Նորարական, վարչապետի մոտեցումներին հարիր: Եվ իհարկե բյուջեն լցնելու հիանալի ձև: Միայն թե այն, որ այս հարկման հետևանքով սննդի օբյեկտները ակամայից ոչ միայն կընկնեն քաշքուքի մեջ, այլև կթանկացնեն իրենց ծառայությունները, իսկ հայաստանյան հաջողակ օնլայն սթարթ-ափներից մեկը կկորցնի նախկին հաջողությունները, ոչ մեկին չի հետաքրքրում: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետը սիրում է խոսել տեխնոլոգիաների կիրառման մասին:
Բայց այս դեպքում խոսքերն անտեսվել են և կիրառվել է ռեալ գործը ՝ բյուջե պետք է արագ փող բերել: Ներդրումներ չկան, օպտիմալացումը, ինչպես պարզվեց, ոչ միայն արդյունք չի տալիս, այլև դառնում է ներքաղաքական կոնֆլիկտներում դիրքերն ամրապնդելու գործիք, տուրիզմի կենտրոն Հայաստանը դեռևս չի դարձել, իսկ մարզպետներն այդպես էլ չանսացին վարչապետի մուննաթին և ներդրումներ բերելու ձեռնամուխ չեղան: Ու վերջում կոտրած տաշտակի մոտ հայտնվեց կրկին հասարակությունն ու գործարար ոլորտի միջին շերտը: Եվ սա այն դեպքում, երբ նույն վարչապետը, թիրախավորելով խոշորներին, փորձում էր արտոնություններ տալ միջին ու մանր բիզնեսին: Այդ ամենի տնտեսական արդյունավետության հարցը մի կողմ, դա մեծապես արվում էր վարկանիշի համար: Բայց գումարի սղությունը ստիպել է նաև այս հարցում նահանջ անել:
Արտակ Ասլանյան