ՊՆ պաշտոնյաների տեղափոխումը ԱԻՆ պայմանավորված է նրանց բարձր որակավորմամբ. Դավիթ Տոնոյան
ОбществоՊՆ կադրերի հոսքը ԱԻՆ պայմանավորված է պաշտպանության նախարարության աշխատակիցների բարձր որակավորմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երեւանում մեկնարկած ArmSecurity-2017 անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՊՆ կադրերի հոսքը դեպի ԱԻՆ, արդյոք նախարարը ՊՆ կադրերի օգնության կարիքն ունի:
Անդրադառնալով աղետների ռիսկերի նվազեման ոլորտում առկա խնդիրներին, նախարարն ասաց. «Ես տեսնում եմ, որ կա մեծ աշխատանք ժամանակակից համակարգեր ներդնելու ԱԻՆ-ում: Խոսքը վերաբերում է արձագանքման միջոցներին փրկարար, իսկ աղետների ռիսկերի նվազեցման առումով մենք շատ ծավալուն աշխատանք պետք է կատարենք, եւ դա կառավարության գործունեությունը ծրագրում ներառված է»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կպաշտոնավարի 2018-ի ապրիլից հետո, եւ արդյոք կողմնորոշվե՞լ է՝ Կարեն Կարապետյանի թիմից է, թե Սերժ Սարգսյանի, ինչին Դավիթ Տոնոյանն արձագանքեց. « Ես թիմերի մասին տեղեկություններ չունեմ: Կա կառավարություն, որն աշխատում է որպես մեկ թիմ»: Իսկ իր հետագա պաշտոնավարումը նա պայմանավորեց 2018-ի ապրիլի որոշումներով, որոնք պետք է կայացնեն նախագահն ու վարչապետը. «Իսկ հիմա ես ցանկանում եմ այս պահին բարելավել ու զարգացնել իրավիճակը ԱԻՆ-ում»: