«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է արվեստների և արհեստների գրեթե բոլոր ոլորտները
Культура«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնի շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության և այլ ոլորտների հետաքրքիր ցուցանմուշներ: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:
«Փառատոնը նպաստում է երկրի պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: Այն բացահայտում է հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական պոտենցիալը թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Այս փառատոնը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ համագործակցության լավագույն օրինակներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեի նախագահի առաջին տեղակալ ՄեխակԱպրեսյանը:
Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանի խոսքով`Դիլիջանի երախտավոր որդիներից մեկը` Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը, փոքրիկ գյուղաքաղաքը դարձրեց մշակութային գեղեցիկ քաղաք: «Այս փառատոնն ասես շարունակում է նրա գործը: Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից այստեղ են գալիս վարպետներ և ցուցադրում իրենց գործերը: Ներկայացվում են ասեղնագործ աշխատանքներ, հայկական խաչքարեր, գորգարվեստի նախշազարդ նմուշներ, որոնք ազգային են ու ինքնատիպ: Մեր խնդիրը մեր մշակութային արժեքները մասսայականացնելն ու դրանց տեր կանգնելն է, հակառակ դեպքում մեր հարևանները դրանք հեշտությամբ կյուրացնեն»,-ընդգծեց նա:
Մինասյանը հավելեց, որ փառատոնը նպաստում է նաև միջմարզային շփումների զարգացմանը, ինչը նաև համագործակցության պտուղներ է տալիս:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շեշտեց, որ նախկինում որպես զբոսաշրջային քաղաք Դիլիջանը ակտիվության հատուկ շրջաններ ուներ, բայց նման փառատոնների շնորհիվ այն աշխուժացել է և աշխատում է ավելի քան ութ ամիս: Քաղաքապետը սիրով բոլորին հրավիրեց մասնակից դառնալ փառատոնին և վստահեցրեց, որ ներկաները մեծ բավականություն կստանան միջոցառումից:
«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Այս տարի յուրօրինակ ու հետաքրքիր ուտեստներ կներկայացնեն նաև սիրիահայերը:
Փառատոնին առանձնակի ձև ու բովանդակություն է հաղորդում դեֆիլեն` ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը:
«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:
Փառատոնին նաև կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։
Փառատոնի ավարտին ներկայացուցչական ժյուրին կպարգևատրի տարբեր անվանակարգերում հաղթողներին: Տավուշի սահմանը պահող լավագույն զինծառայողներից մեկին կշնորհվի հատուկ «Երախտագիտության մրցանակ»: