Վովա Գասպարյանը վատ օրինակ է ծառայում
АналитикаԲոլորս ենք հիշում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Վովա Գասպարյանի արտահայտած հայտնի միտքը՝ «Ես Վովա Գասպարյանն եմ»:
Պարզվում է՝ նա վատ օրինակ է ծառայում քաղաքացիների համար: Այդ հայտնի հայտարարությունը դարձել է թևավոր խոսք, ու մարդիկ ինչ-որ հարցեր լուծելիս անպայման ասում են, թե իրենք ով են:
Օրինակ՝ ես ժեշտանջի Մկոն եմ, ես վադապռավոդչիկ Օնիկն եմ, ես տոկառ Տոսիկն եմ ու այսպես շարունակ: Այս հայտնի արտահայության հետքերով այսօր շարքը շարունակեց մի կին, ում անուն ազգանունն է Լիանա Զուրաբյան:
Պարզվում է՝ նրա տեխ. զննման կտրոնի ժամկետը լրացել էր: Հայաստանում տեխ. զննման կտրոնը ձևական բնույթ է կրում, դա գիտենք բոլորս, սակայն առանձին խոսակցության թեմա է: Ձևական բնույթ է կրում նաև վարորդական վկայական ստանալու ժամանակ հոգեբույժի տված թուղթը. այս մասով համոզվեցինք Լիանա Զուրաբյանի օրինակով:
Կինը պարզապես հիստերիայի մեջ էր ու չէր հասկանում՝ ինչ է խոսում: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ մի երևելի, հանրօգուտ գործով զբաղված չէր, որպեսզի որևէ զիջում անեին՝ հաշվի առնելով նրա հասարակական նշանակությունը:
Ասմունքող: Հայաստանի կեսը դերասան է, մյուս կեսն էլ՝ հանդիսավար: Ոստիկաններն, իհարկե, ցուցաբերեցին բացառիկ հանդուրժողականություն, սակայն ասել, թե որևէ նորմ չխախտեցին, սխալ կլինի: Այն, որ այս տեսագրությունը հայտնվեց վաղուց արդեն ոստիկանության խոսնակ դարձած Գագիկ Շամշյանի կայքում, արդեն իսկ կոռեկտության նորմերի խախտում է:
Ինչքան էլ ուզում է Լիանան իրեն հռչակի հանրային դեմք, ամեն դեպքում, նա հանրային դեմք չէ: Նա պարզապես իրեն այդպիսին հռչակում էր տհաճ իրավիճակից դուրս գալու համար: Քրեորեն վտանգավոր արարք չէր կատարել, ուստի իմաստ չկար մարդու անձի գաղտնիության իրավունքը խախտելով՝ հանրայնացնել այս ամենը: Լիանայի դեպքը գալիս է ապացուցելու, որ հասարակությունն, իրոք, խորքային փսիխոզի մեջ է: Ու այդ երևույթը քանի գնում, խորանում է:
Վահրամ Թոքմաջյան
ORER.news, վերլուծաբան