Լիբիական անապատում 16 ապօրինի ներգաղթյալի դի է հայտնաբերվել
ОбществоԼիբիայի հարավ-արեւելքում՝ անապատում, զինծառայողները 16 ապօրինի ներգաղթյալի դի են հայտնաբերել։ «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Միսմարին։
Նրա տվյալներով՝ ներգաղթյալների մարմինները հայտնաբերվել են Թոբրուք քաղաքից 310 կմ հարավ-արեւմուտք ընկած տարածքում։ Զինծառայողներն այդ շրջանում շարունակում են որոնողական աշխատանքները։
Միսմարին հայտնել է, որ մարմիններն արդեն սկսել են նեխել։ Կարմիր կիսամահիկի լիբիական միության մասնագետների օգնությամբ պարզվել է, որ զոհերի մի մասը եգիպտացիներ են։
Հուլիսին լիբիական անապատում ավելի քան 20 եգիպտացի ներգաղթյալի մարմին էին գտել, որոնք զոհվել էին օդի բարձր ջերմաստիճանի եւ քաղցի պատճառով։