Երևանում մեկնարկում է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի առաջնությունը
СпортՍեպտեմբերի 8-10-ը Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշել է, որ առաջնությանը մասնակցելու է 15 թիմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից.
«Այս առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան, Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգերը:
Մեր տղաները 15 թիմի մեջ վարկանիշով 7-րդն են: Կարծում եմ՝ մինչև քառորդ եզրափակիչ կհասնենք: Բավականին ուժեղ մրցաշար է, որը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:
Առաջնությանը սպիտակ քարտով իրավունք ունի մասնակցելու մեկ թիմ, որն Իսրայելի հավաքականն է»,- ասել է Կարեն Ասմարյանը:
Օգոստոսին վերջին Մ 18 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում մասնակցել էր Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։
Հայ պատանիները պարտություններ էին կրել.
«Վիճակահանությունն այնքան էլ մեր օգտին չէր: Բայց, ունեցանք բավարար միավորներ՝ հաջորդ տարի միանգամից ընդհանուր խմբում խաղալու համար»,- նշել է Կարեն Ասմարյանը: