Վրաստանում ազգային արժույթի կտրուկ անկում է գրանցվել
ЭкономикаՎրաստանում ազգային արժույթի կտրուկ անկումը բնակչության շրջանում թեթև խուճապ է առաջացրել, ինչպես նաև դեռ միայն մթերային շուկաներում գների բարձրացման հանգեցրել: Երկրի իշխանությունները կոչ են արել խուճապի չմատնվել՝ լարիի արժեզրկումն անվանելով միայն ժամանակավոր երևույթ: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է դիլետանտության համար, ինչի հետևանք էլ դարձել է արժեզրկման նոր ալիքը, գրում է Независимая Газета-ն:
Լարին սկսել է դանդաղ էժանանալ դեռ օգոստոսին, գրում է կայքը՝ նշելով, որ դա տարօրինակ էր, քանի որ զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում ազգայն արժույթը, հակառակը, պետք է ամրանար: Այնուամենայնիվ, փոխարժեքի տատանումն աննշան էր, և բնակչությունն ուշադրություն չէր դարձնում փոխանակման կետերում երևացող թվերին:
Բայց արդեն սեպտեմբերին փոխարժեքի անկումն արագացել է: Չորեքշաբթի գրանցվել է հակառեկորդ՝ որոշ փոխանակման կետերում 1 եվրոն վաճառվել է 3 լարիով:
Իշխանությունների կոչը՝ խուճապի չմատնվել, կարծես հակառակ ազդեցությունն է ունեցել: Բանկոմատների մոտ սովորականից ավելի աշխույժ է դարձել, գրում է անդրադարձի հեղինակ Յուրի Ռոքսը։
Կայքը գրում է, որ երեկ երկրի ազգային բանկը խոստովանել է, որ օգոստոսի 22-ից լարին արժեզրկվել է 4,2 տոկոսով: Բանկի պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ ամբողջ ամառվա ընթացքում արժույթի ներհոսքի պայմաններում լարին ամրապնդվում էր, արժութային շուկայի մասնակիցները դոլար և եվրո էին գնում համեմատաբար ցածր փոխարժեքով, իսկ այժմ տեղի է ունեցել հակառակ գործընթացը:
Մի շարք փորձագետներ ուշադրություն են հատկացնում մի երևույթի վրա. դոլարն այլ արժույթների նկատմամբ էժանանում է և միայն ամրապնդվում է լարիի նկատմամբ: Ոմանք դա բացատրում են հոկտեմբերի կեսերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Կառավարությունը պատրաստվում է օգնության բաշխման և նախագծերի իրականացման մեկնարկի: Մյուսները լարիի արժեզրկումը բացատրում են նաև ֆորս-մաժորով՝ Վրաստանում մոլեգնում են հրդեհները, որոնց դեմ պայքարը պահանջել է չպլանավորված ծախսեր: