Ֆրանչեսկո Տոտին սկսում է մարզչական դասընթացներ
СпортՀռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին սեպտեմբերի 18-ից կհաճախի մարզչական դասընթացների: Կուրսերից հետո Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը կստանա ՈւԵՖԱ-ի В կարգի մարզչական լիցենզիա, գրում է Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ 40-ամյա իտալացին հայտնել էր, որ ադմինիստրատիվ աշխատանքի է անցնելու «Ռոմայում»:
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտին նախորդ մրցաշրջանի վերջում էր ավարտել կարիերան: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 1993-ին (16 տարեկանում): Իտալական ակումբի կազմում Տոտին անցկացրել է 786-րդ պաշտոնական հանդիպում եւ դարձել 307 գոլի ու 124 գոլային փոխանցման հեղինակ: A Սերիայում հարձակվողը մասնակցել է 619 խաղի եւ այդ ցուցանիշով հավասարվեց Ջանլուիջի Բուֆոնին ու զիջում է միայն Պաոլո Մալդինիին (647 խաղ):
Տոտին դարձել է Իտալիայի չեմպիոն (2001-ին), կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Իտալիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողը 1998-2006-ն անցկացրել է 58 խաղ եւ դարձել 9 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: Կարիերան ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել «Ռոմայում»: