Կիևի ազգային պատկերասրահում բացվելու է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես
КультураՈւկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացվելու է «Հանճարը և ծովը. ավանդույթները, որոնումները, հայտնագործությունները» խորագիրը կրող ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և պատկերասրահի 95-ամյակին:
Ինչպես հաղորդում է Analitikaua.net-ը, կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այվազովսկին եղել է ականավոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցություն են թողել հայկական, ուկրաինական ու ռուսական մշակույթների վրա:
«Նա գեղանկարչության պատմության մեջ հայտնի է որպես ծովի անգերազանցելի երգիչ: Նրա ժամանակակիցներից ոչ ոք չէր կարող նման ուժով եւ ոգեշնչմամբ ցույց տալ ծովի տարրերի մեծությունն ու գեղեցկությունը»,- նշել են կազմակերպիչները:
Ցուցահանդեսում ներկայացվելու են XVIII-XX դարերի նկարչության եւ գրաֆիկայի ավելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերվում են ծովային թեմային:
Ցուցադրվելու են նաև Այվազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գտնվել, ինչպես նաև Շերեմետևի թանգարանի ցուցանմուշները` արխիվային նյութերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նավերի տարբեր իրերը և անձնակազմի ունեցվածքը:
Ցուցահանդեսը ներառում է նաև ավելի քան մեկ տասնյակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները: Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 12-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը: