Սաակաշվիլին կարող է դառնալ ռեկորդակիր
АналитикаԻնչպես տեսանք տարածված տեսանյութերով, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Լեհաստանի սահմանով հատեց Ուկրաինայի սահմանը։ Դեռևս այս տարվա հուլիսին, Ուկրաինայի նախագահը զրկել էր Սաակաշվիլուն քաղաքացիությունից, երբ նրա ներկայացրած փաստաթղթերում կեղծիք էր հայտնաբերել։
Սաակաշվիլու այս մուտքը Ուկրաինա հիշեցրեց այն դեպքերը, երբ Հայաստանում մարտի մեկից հետո արյունարբու հռչակ ձեռք բերած ոստիկանները թույլ տվեցին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, թեթև «հրմշտոցների» միջոցով, «վերագրավել» Ազատության հրապարակը։
Հիմա Սաակաշվիլին վերադառնում է մի երկիր` հատելով անցակետը, որտեղ, մայդանի դեպքերից հետո, մարդ սպանելը ջուր խմելու նման թեթև գործ է։ Սահմանապահները, կարծես, չուզելով են դիմադրում ու շատ հեշտ հանձնվում։ Սա կարող է նշանակել երկու բան։ Կամ այդ նույն սահմանապահները Սաակաշվիլու գաղափարակիցներն են ու ողջ հոգով-սրտով պաշտում են նրան։ Կամ էլ՝ ունեն իշխանության հրահանգը՝ դիմադրություն ցույց չտալ։ Ավելի հավանական է երկրորդ տարբերակը։ Իսկ թե ի՞նչ հանգամանքներից ելնելով իշխանությունը կարող է նման որոշում կայացնել, կարծում եմ հայտնի է բոլորիս։
Սիմվոլիկ էր հատկապես այն պարագան, որ Սաակաշվիլուն սահմանի վրա դիմավորում են Յուլիա Տիմոշենկոն, Սերգեյ Վլասենկոն («Բատկիվշչինա»), Յուրի Դերեվյանկոն (անկուսակցական, Սաակաշվիլիի կողմնակից), Պավել Կոստենկոն («Ինքնօգնություն» կուսակցություն), Դմիտրի Դոբրոդոմովը (անկուսակցական)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Շարքն անշուշտ տպավորիչ է։ Իհարկե, ընթերցողին կարող է ծանոթ թվալ միայն Տիմոշենկոյի ազգանունը, սակայն մնացածը գործիչներն էլ առանձնակի դերակատարում ունեն վերջին տաս տարիներին Ուկրաինայում կատարվող դեպքերի հոլովույթում։
Ի՞նչ զարգացումներ են սպասվում։ Եթե Ուկրաինայում Սաակաշվիլու դեմ հարուցված քրեական գործը՝ սահմանի ապօրինի հատում, տրամաբանական զարգացում չի ստանում իրավական ֆորմալ հետևանքներով, ապա կարող է լինել շատ հետաքրքիր մի իրողություն։ Լայն գործունեություն ծավալելով Ուկրաինայում` Միշիկոն կառաջադրվի հաջորդ կամ արտահերթ նախագահական ընտրություններում, իսկ եթե հաղթի, ապա պատմության մեջ կլինի միակ մարդը, որը եղել է բացառապես երկու տարբեր երկրների նախագահ։
Վահրամ Թոքմաջյան, Orer.am, վերլուծաբան