ԵՄ-ն աջակցում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումներին. Պյոտր Սվիտալսկի
ЭкономикаԵվրամիությունը մեծ ներդրումներով օժանդակում է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին և տեղական նախաձեռնություններին:
«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ-ում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ նա նշեց, որ այդ և տեղական ինքնակառավարման խնդիրը Հայաստանում մեծագույն կարևորություն ունեն։
«ԵՄ-ն հավատացած է, որ շատ կարևոր է սուբսիդիարության (փոխլրացման) սկզբունքը։ Դրանով կառուցված է կառավարման եվրոպական մոդելը։ Սուբսիդիարությունը պարզ իմաստով նշանակում է, որ խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս ցածր մակարդակում։ ԵՄ-ն շատ մեծ ներդրումներով օժանդակում է տեղական ինքնակառավարման մարմիններին և տեղական նախաձեռնություններին։
Մենք հավատացած ենք, որ ներկայումս Հայաստանում գործադրվող ջանքերը, որոնք միտված են վարչատարածքային բարեփոխումներին՝ շատ կարևոր են։ Մենք, որպես Եվրոպական միություն, առաջարկել ենք մեր լիարժեք օժանդակությունն այս նախաձեռնությանը, աշխատել ենք Կառավարության հետ նոր ռազմավարության պատրաստման ուղղությամբ։ Այն նախատեսված է տարածքային զարգացման համար»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ մեծ օժանդակություն է ցուցաբերվում փորձնական ծրագրերին, որոնք ուղղված են համայնքապետարանների կամ տեղական համայնքների ուժեղացմանը։
«Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ, և սա ճանապարհի սկիզբն է։ Այն պետք է կոնկրետ նպատակի ծառայի՝ տարածքային կառավարումը դարձնել ավելի արդյունավետ՝ ծառայեցնելով այն Հայաստանի շարքային քաղաքացիների շահերին։ ՀՀ քաղաքացիներն են, որ ի վերջո գնահատելու են այս բարեփոխման օգտակարությունը։
Կարծում եմ՝ հայերը մի շատ կարևոր հիմք են դնում շատ կարևոր աշխատանքի համար։ Մենք շատ դրական ենք գնահատում այն միտքը, որ կառավարությունն իր ծրագրով նախատեսում է ինչ-որ նոր լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հայաստանի ՏԻՄ-երը կարող են այս բեռը կրել, իրականացնել իրենց գործառույթները և ճիշտ արդյունքներ ստանալ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։
Քաղաքացիական հասարակության դերի մասին խոսելով՝ ԵՄ դեսպանը նշեց, որ հասարակության դերը շատ կարևոր է վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ Հայաստանի՝ եվրոպական մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային միանալուց հետո, ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրել օրենսդրության փոփոխության, համայնքների լիազորությունների տարանջատման ուղղությամբ՝ ապահովելով նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցներով:
«ԵՄ օժանդակությամբ ընդունել ենք ռազմավարություն, ընդունել ենք մարզերի ռազմավարությունները, իսկ առաջիկայում կհրապարակվի գործառնական ծրագիրը: Մենք արդեն իրականացնում ենք պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրերը, որոնք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում օժանդակություն են մեր երկրին:
Արդեն իսկ մտածում ենք տարածքային կառավարման նոր հայեցակարգի մասին: Աշխատանքներ են գնում խոշորացման արդյունքում համայնքներին նոր լիազորությունների փոխանցման ուղղությամբ: Կառավարության ծրագրում այդ լիազորությունների ընդհանուր նկարագիրը տրված է, հստակ քաղաքական կամք է դրսևորված՝ դրանք արդեն 2018 թվականից իրացվեն: Ունենք պայմանավորվածություն և մոտ ապագայում կներկայացնենք ավելի կոնկրետ քայլերի հաջորդականությունը կամ փոքր ճանապարհային քարտեզ»,- նշեց ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալը: