Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմից դժգոհ է մնացել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, թեեւ անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:
«Շատ կարեւոր է 3 միավոր վաստակել սեփական դաշտում: Մինչեւ 2:0 հաշիվը մենք ցուցադրում էինք կայուն ու վստահ խաղ, սակայն երկրորդ գոլից հետո թիմը դադարեց խաղալ եւ սկսեց թույլ տալ բազմաթիվ սխալներ: Դրա պատճառով կարող էինք խնդիրներ ստեղծել մեզ համար: Սկսեցինք խաղալ ֆենտեզի-ֆուտբոլ, PlayStation-ի ֆուտբոլ: Չեմ սիրում, երբ ֆուտբոլիստները փորձում են կատարել անիմաստ հնարքներ: Պետք է հարգել մրցակցին: Ինձ դուր չեկավ մեր վերաբերմունքը, քանի որ խաղացողները շուտ թուլացան:
«Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պես թիմերի համար Չեմպիոնների լիգան կսկսվի փետրվարին, իսկ հիմա նրանք միայն նախավարժանք են կատարում: Երբ փետրվարին Պրեմյեր լիգայում կսկսվեն ամանորյա խենթությունները, այդ ակումբները թարմ կլինեն եւ պատրաստ պայքարի: Հիմա մեզ պետք է միայն նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երբ կանենք դա, կարող ենք վայելել լավագույն ակումբների դեմ խաղալու հնարավորությունը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բազելի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: A խմբի մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» տանը 1:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին: