ՀԶՀ-ի գործունեության արդյունքում կնքված պայմանագրերով նախատեսվում են 112 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
Экономика2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ 2017-ի օգոստոսի 31-ը Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ:
Այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։
Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ www.investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տարբեր ոլորտների թվով 40 ծրագրեր:
Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր: Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները: 2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։ Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի։ Ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում քննարկվում են ներդրումային և արտահանման ծրագրեր։