Երևանում բացվեց Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը
КультураՀովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ ներկայացվեցին: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Այվազովսկին հիանալի ծովանկարիչ էր, որը մասնավոր ներդրումներ էր կատարում մշակույթի զարգացման գործում: Նա երազում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ նկարիչներին, որ միասնական ուժերով կարողանային զարկ տալ հայ կերպարվեստի բարգավաճմանը: Ժամանակին դա նրան չհաջողվեց, բայց այս ցուցադրությունը գուցե այդ նպատակին ծառայի:
Անցյալ տարի Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու կտավների ժամանակավոր ու բացառիկ ցուցադրությունը ռեկորդ սահմանեց. 4 օրվա ընթացքում 555 հազար արվեստասեր այցելեց այնտեղ: Կարծում եմ, որ այս ցուցադրությունն էլ Հայաստանում կարող է համապատասխան ռեկորդ սահմանել»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա շեշտեց՝ շատ է ցանկանում, որ «Նոյը իջնում է Արարատից» ստեղծագործությունը մեզ մշտապես հիշեցնի մեր սրբազան հայրենիքի, իսկ «Աշխարհի արարումը» կտավը՝ Աստծո գոյության մասին:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը մեծ մշակութային իրադարձություն է Հայաստանի ազգային պատկերասրահի և անձամբ իր համար: «Հովհաննես Այվազովսկու արվեստը սիրված և ընդունված է ողջ աշխարհում: Նա ստեղծել է ավելի քան 6 000 կտավ և այսօր դրանց մի փոքր մասը հնարավորություն ունենք ցուցադրելու Հայաստանում: Այս միջոցառումը կազմակերպելիս հսկայական գիտական աշխատանք ենք կատարել, իրականացրել ուսումնասիրություններ, ինչու չէ նաև բացահայտումներ արել, արդյունքում տպագրվել է հարուստ կատալոգը»,- շեշտեց նա:
Սա Այվազովսկու կտավները ներկայացնող ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում, ցուցանմուշները տրամադրել են Հայաստանի տարբեր թանգարանները և կարողացել ենք ներկայացնել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հանրահայտ ստեղծագործությունը»,- ասաց ցուցահանդեսի կուրատորը: Նա ընդգծեց, որ պատկերասրահն ունի Այվազովսկու գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների հզոր նմուշներ:
Ցուցահանդեսից բացի, Հայաստանում կանցկացվի Այվազովսկուն նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը: Գիտաժողովին հրավիրված են հյուրեր Ֆեոդոսիայի հուշային թանգարանից, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի թանգարաններից:
Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում: