Առաջարկն ինձ համար էլ էր անսպասելի, բայց շատ հաճելի. Ջեմմա Ադամյանը` «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանն, ում հեռուստադիտողը դեռ չի բացահայտել, փոխարենը` հատկապես գյումրեցի հանդիսատեսը Ջեմմային լավ է ճանաչում, ավելին` գնահատում ու սիրում է որպես շնորհալի դերասանուհի: Ջեմմային հեռուստադիտողը կճանաչի Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմի` «Ամուսնացածների լիգա»-ի շրջանակում, որը կհեռարձակվի աշնանային եթերաշրջանում:
- Ջեմմա, Ձեր մասին տեղեկություններ գտնելը գրեթե անհնար է: Նախ կխնդրեմ պատմել, թե ինչպես հայտնվեցիք այս դաշտում:
- Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հրաչյա Գասպարյանի կուրսը: Ուսանողության տարիներին աշխատել եմ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում, իսկ անցյալ տարի տեղափոխվեցի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Մայրս Կապանից է, հայրս` Գյումրիից, բայց մենք ապրել ենք Երեւանում: Հիմա կատակելով ասում եմ, թե արմատներս ինձնից ուժեղ գտնվեցին ու ինձ կրկին հետ տարան Գյումրի: Այսօր երջանիկ եմ, որ աշխատում եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, ուր իսկապես արվեստի շունչ կա, այստեղ պրոֆեսիոնալիզմն իր գագաթնակետում է:
- Գյումրեցիները խի՞ստ հանդիսատես են:
- Նրանք աննկարագրելի խստապահանջ են, բայց միեւնույն ժամանակ անասելի ջերմ: Արդեն մեկ տարի է, ինչ այնտեղ եմ աշխատում ու վաղուց եմ հասկացել, որ գյումրեցի հանդիսատեսին շատ դժվար է բավարարել: «Գյումրին Հայաստանի արվեստի մայրաքաղաքն է»` հայտնի ասույթն արդեն մեկ տարի է` իմ փորձով եմ հասկանում: Իրոք, այստեղի հանդիսատեսը կարիք ունի հոգեւոր սննդի: Կարող եք երեկոյան ժամերով քայլել Գյումրիի փողոցներով ու քիչ մարդկանց հանդիպեք, բայց, երբ գաք թատրոն, կտեսնեք, որ այն միշտ լիքն է` մոտ 700 տեղ: Ընդ որում դահլիճը լիքն է բոլոր ներկայացումների ժամանակ, ընդհուպ մինչեւ ամանորյա ներկայացումներին: Օրինակ` անցյալ տարի մինչեւ դեկտեմբերի 31-ը ազատ տեղ չկար, միայն այդ օրվա վերջին երկու ներկայացումների ժամանակ էր, որ մի քիչ պակաս էր: Իսկապես շշմելու է, թե ինչ հաճախություն կա Գյումրու թատրոն:
Շարունակությունը՝ այստեղ: