Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին
Культура«Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Երևանի կենտրոնում համաքաղաքացիներին և այցելուներին ճանաչելի կդարձնի Սերգեյ Փարաջանովի արվեստը: Այն նաև Փարաջանովի թանգարան կբերի նոր այցելուներ:
Սեպտեմբերի 21-ին կոլաժի կրկնօրինակի բացման արարողությունը տեղի ունեցավ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի հարակից տարածքում: Ներկա էին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները:
«Այս կոլաժն անկախության տոնի նվերն է: Աշխատանքը շուտով ունենալու է նաև իր վիրտուալ տարբերակը: Ներբեռնելով հատուկ ծրագիրը՝ կարելի է ունենալ փարաջանովյան12 նկարներ, որոնք լուսանկարվելիս կարող են փոփոխվել»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ նման նոր լուծումներով Երևանի կյանքը համաքաղաքացիների և այցելուների համար պետք է դարձնեն տոն:
Նմանատիպ աշխատանքներն օգնելու են նաև թանգարաններին՝ բերելով այցելուներ:
Նախաձեռնության հեղինակ Արամ Նիկոլյանի խոսքով՝ այս գործով փորձում է իր նվիրումը ցույց տալ Փարաջանովի արվեստին: Կոլաժն ընտրել են Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ միասին:
«Փարաջանովն ինձ համար ազատ ստեղծագործող է, որն անազատության մեջ է եղել ինչ-որ շրջան, սակայն չի դադարել ստեղծագործել: Պետք է նրան ավելի ճանաչելի դարձնենք ժամանակակից ձևով քաղաքի կենտրոնում»,-ասաց Նիկոլյանը:
Զավեն Սարգսյանի խոսքով՝ աշխատանքը ստեղծվել է բանտում: Փարաջանովն այն ուղարկել է կնոջն ու գրել՝ եթե բանտում մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Փարաջանովի աշխատանքը համարեց կամուրջ մեր երկու ազգերի և մշակույթների միջև:
«Ուրախ եմ ձեզ հետ ներկա գտնվելու այս կոլաժի բացման արարողությանը: Խորհրդանշական է կոլաժի բացումը հենց այս օրը: Շնորհավորում եմ նաև Հայաստանի անկախության տոնի առթիվ»,-ասաց նախարարը: