ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը
ОбществоՎերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնցից հիմնականներն են.
- դրանց մի մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, չունի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն.
- դրանք տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր, կետ 9.1.1).
- ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար նախատեսված չեն լցավորման աշտարակներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.5).
- պահպանված չէ ավտոցիստեռններից բալոնների լցավորման դեպքում ավտոցիստեռնի և գազալցման կայանի շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև առավելագույնը 80մ միջտարածությունը (հիմք՝ ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2005թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 61).
- նախատեսված չեն ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար ավտոկշեռքներ կամ ավտոցիստեռններում գազի զանգվածի որոշման, ինչպես նաև ջերմաստիճանի հսկման սարքվածքներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.6).
- գազալցման կայանների տարածքներում տեղակայված են նորմերով չթույլատրվող շենքեր և շինություններ (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 60).
- ավտոցիստեռնները ապահովված չեն բավարար քանակությամբ սկզբնական հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով (հիմք՝ N2399-Ն, գլուխ X, ենթագլուխ 22, կետ 141).
- գազալցման կայանների տարածքը շրջափակված չէ նվազագույնը 1,6մ բարձրությամբ, չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատով (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 62).
- էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին համապատասխան (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.25, կետ 6.5.7), և այլն:
Հատկապես մտահոգիչ է և հրատապ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված ՀԱԳ շարժական կայանների հետ կապված իրավիճակը. այն պարզ պատճառով, որ դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորությու
Ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց և ՏԻՄ-երիի ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին: Միաժամանակ՝ տեսչությունը նպատակային հետազոտություններ է անցկացնում գազալցման կայաններում: Առավել վտանգավորների նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ: