Շիրակի թեմի առաջնորդը կիրակնօրյա սուրբ պատարագ մատուցեց Բանդիվան համայնքում
ОбществоՇիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կիրակնօրյա սուրբ պատարագ մատուցեց Բանդիվան համայնքում: Պատարագին մասնակցում էր նաև և Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Սա 9 տարի ընդմիջումից հետո վերակառուցված եկեղեցում առաջին եպիսկոպոսական պատարագն էր: Սուրբ Խաչ եկեղեցին հիմնանորոգումից հետո օծվել է ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդի այս տարվա հունիսին, իսկ եկեղեցու խաչի ու զանգի օրհնության ու օծման արարողությունը տեղի էր ունեցել 2016թ. սեպտեմբերին: Եկեղեցու ամրացման համար եկեղեցու նախկին բազիլիկ կառույցին ավելացվել են նորերը՝ զանգակատունն ու խաչքարը, որոնք ոչ միայն ամբողջացնում են եկեղեցու տեսքն, այլ նաև ապահովում սեյսմակայունությունը:
Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա գտնվող գյուղում վերականգնվել է գյուղի նախկին եկեղեցին: Բարերաների՝ Կարապետյան ընտանիքի կողմից եկեղեցին ոչ միայն վերականգնվել է` պահպանելով նախկին տեսքն, այլ նաև կառուցվել է զանգակատունը, տեղադրվել խաչքար, բարեկարգվել է նաև բակը: Հնարավորության սահմաններում օգտագործվել են նախկին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու քարերը: 19-րդ դարի կառույցն, ինչպես մյուս եկեղեցիները, «նույն բախտին է արժանացել»՝ խորհրդային տարիներին ծառայել է որպես ամբար:
Ինչպես միշտ, այս անգամ ևս թեմակալ առաջնորդի պատգամը մեկն է՝ ապրել քրիստոնեավայել՝ պատգամները կատարելով, եկեղեցի հաճախելով և երեխաներին մկրտելով: «Միայն մարդն ունի աղոթելու ու անտեսանելիի հետ հարաբերվելու կարողություն: Կա աղոթելու կարիք ու անհրաժեշտություն: Բանդիվանցին այսօր ունի աղոթելու հնարավորություն՝ ունի նման շքեղ եկեղեցի, ուրեմն պետք է գործել:
Սակայն նոր ու նման եկեղեցի ունենալով՝ ամեն հարց չի լուծվում, հակառակը՝ սրանով պետք է սկսել, սրանից հետո պետք է ամեն կիրակի գալ եկեղեցի, աղոթքն ասել, կարևոր չէ՝ պատարագ կա, թե չկա, և հեռանալ խաղաղաված սրտով և մկրտել երեխաներին: Հայը հենց մեռոնով է մյուս ազգերից տարբերվում, և պետք չէ, ինչ-որ հարցեր հաշվի առնելով, մկրտություն չկատարել: Ունենք այնպիսի բարենորոգված եկեղեցի, որի մասին չենք երազել, բայց սրանով ամեն ինչ ավարտված չէ, այլ նոր է սկսվում»,- իր խոսքում նշեց թելակալ առաջնորդը՝ հորդորելով բանդիվանցիներին հավատքով շարունակել եկեղեցի այցելել, պսակ ու մկրտություն անել :