Տիկնիկային թատրոնը թատերաշրջանը բացել է նորոգված դահլիճում
КультураՀ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ թատերասերներին ընդունեց մասամբ նորոգված դահլիճով. Նորացվել են հատակածածկը և աթոռները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Խոսելով թատրոնի հետագա անելիքների մասին` նա ասաց, որ տարվա ընթացքում երեք նոր ներկայացում են բեմադրել, և կլինեն դարձյալ երեքը: «Նախատեսում ենք պատրաստել տիկնիկային, դրամատիկ, պարային գործեր: Շատ եմ կարևորում «Ո”վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը, որը նոր ձևաչափով ու մոտեցմամբ ենք մատուցելու: Գործողությունները տեղի կունենան ետնաբեմում, իսկ հանդիսատեսը կնստի բեմում»,- ռեժիսորը:
Բաբայանը շեշտեց, թե շատ ուրախ է, որ տիկնիկային թատրոնում բեմադրվող բազմաժանր և բազմաբովանդակ ներկայացումները, որոնցում ընդգրկվում են թատերական տարբեր ժանրերում իրենց լավագույնս դրսևորած դերասաններ, գրավում են հանդիսատեսին:
Այս տարին տիկնիկային թատրոնի համար հագեցած է նաև տարբեր երկրներում կազմակերպվող փառատոններին մասնակցությամբ: Սեպտեմբերի 20-ին բեմադրիչ Սամսոն Մովսիսյանի «Մատնաչափիկը» տիկնիկային ներկայացմամբ թատերախմբի մի մասը մեկնել է Օմսկ «Առլեկին» տիկնիկային միջազգային հեղինակավոր փառատոնին մասնակցելու: «Երկրորդ անգամ ենք լինելու այնտեղ: Նախկինում ներկայացրել ենք ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը: Չորս տարի առաջ այդ նույն փառատոնի ժյուրիի անդամ եմ եղել»,-ընդգծեց Բաբայանը:
Սեպտեմբերի 23-ին թատրոնից մեկ այլ խումբ մեկնել է Կահիրե, որտեղ անցկացվում է «Փորձարարական արվեստի փառատոնը»: Անտեղ ցուցադրվել է ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Հոկտեմբերի սկզբին թատերախումբը Կանադայում հանդես կգա «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ և համերգային հետաքրքիր ծրագրով: Նոյեմբերին Յուժնո Սախալինսկում կցուցադրվեն երկու գործ` Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և Ռուբեն Բաբայանի «Ակ. Ակ» տիկնիկային բեմադրությունները:
«Թատրոնն իր բնույթով երիտասարդ է՝ անկախ նրանից, թե այնտեղ ինչ տարիքի մարդիկ են աշխատում: Կարծում եմ, բոլոր ժամանակներում թատրոնն ունեցել է և ունի մի խնդիր. միշտ զգալ տվյալ ժամանակը և երիտասարդ մնալ: Լավ է, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր երիտասարդներ, որոնք ապացուցում են իրենց ասելիք ունենալը, իսկ ես, որպես արվեստի գործիչ, փորձում եմ սատարել նրանց ու չխանգարել նրանց գործունեությանը»,-եզրափակեց Բաբայանը:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Թատրոնի հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսորՍոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուքե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջինտնօրենն էր Վարյա Ստեփանյանը: Թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում հայ հանրահայտ ռեժիսորներ Լևոն Քալանթարը (“Չախ-չախթագավորը” ըստ Հովհ. Թումանյանի և “Հեքիաթ Սալթան թագավորի մասին” ըստ Ա. Ս. Պուշկինի, 1938 թ.) և Տիգրան Շամիրխանյանը (“Եղեգնուհին” ըստ Ղ. Աղայանի, 1940 թ.), նկարիչներ Խ. Եսայանը, Ս. Ստեփանյանը, Վ. Թևանյանը և Ա. Սարգսյանը:
Թատրոնը հաճախ է մասնակցում միջազգային փառատոնների, որոնց աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչև ԱՄՆ: 1998-ից թատրոնի տնօրենն էՀայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Գլխավոր նկարիչն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը: Թատերախմբում կան 35 դերասան: