Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Երիտասարդական նվագախմբի և կոմպոզիտորի անվան տրիոյի կատարմամբ
Ա. Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի շրջանակում նոյեմբերի 5-ին մաեստրոյի անունը կրող համերգասրահում տեղի ունենալիք համերգում մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն Ա. Խաչատրյանի անվան տրիոյի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը նշեց, որ համերգի ընթացքում հանրությանը կներկայացվեն Խաչատրյանի Կոնցերտ – ռապսոդիան՝ թավջութակի և նվագախմբի համար, Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները: Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Մեկ երեկոյի ընթացքում միանգամից երեք կոնցերտ կկատարենք: Կներկայացնենք նաև թանգարանի նյութերից կազմված մի փոքրիկ ցուցահանդես: Այն կբացվի համերգասրահի ճեմասրահում: Կներկայացվեն նյութեր, որոնք կապված են կոնցերտների ստեղծման պատմության հետ, ինչպես նաև լուսանկարներ»,-նշեց Արմինե Գրիգորյանը:
Նա հավելեց, որ տրիոն վերջերս շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում՝ յուրահատուկ երեկոներ պարգևելով տեղի հանդիսատեսին: Արամ Խաչատրյանի անվան տրիոն ելույթ է ունեցել նաև Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման դահլիճում՝ Խաչատրյանի տուն-թանգարանի և Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման կնքած համագործակցության համաձայնագրի շրջանակում: