Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի մշակույթի նորանշանակ նախարարի հետ
КультураԲուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նորանշանակ նախարար Բոիլ Բանովի հետ:
Շնորհավորելով զրուցակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների մշակույթի գերատեսչությունների միջև ավանդական սերտ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ նաև ապագայում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի, համաձայնեցված ծրագրերի պատշաճ իրականացման և հետագա փոխգործակցության ակտիվացման հետ առնչվող մի շարք հարցեր: Արձանագրվեց, որ արդեն իսկ պատրաստ է ստորագրման ՀՀ և ԲՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2019թթ. համագործակցության ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակի և ժամկետների վերաբերյալ:
Երկուստեք կարևորելով երկու երկրների հարուստ հնագիտական պատմությունն ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ կողմերը քննարկեցին Երևանի և Պլովդիվի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Գոհունակությամբ նշվեց, որ հաջորդ ամիս Երևանում բացվում է բուլղարահայ ականավոր գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում Հայաստանի գեղանկարիչներից մեկի ցուցանանդեսը կազմակերպել Սոֆիայում:
Քննարկվեց նաև Հայաստանի և Բուլղարիայի թատրոնների միջև կապերի հաստատման և զարգացման հարցը: