Մինաս Զաքարյանի 73 կտավ ներկայացվեց նրա անհատական ցուցահանդեսին
КультураՆկարիչ Մինաս Զաքարյանի գործերում կա սեր, անկեղծություն և բարություն: Այս մասին նկարչի առաջին անհատական ցուցահանդեսին նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Այսօր Երևանում փոքր-ինչ մառախլապատ է, և մենք հասցրեցինք կարոտել արևին, սակայն այն կարելի է գտնել Մինաս Զաքարյանի կտավներում, որոնցում տաքություն, լույս ու սեր կա»,-ասաց Աղամյանը: Նա հավելեց, որ առաջին անգամ է մեկ հարթակում տեսնում Զաքարյանի կտավների մեծ մասը ու, դրանք դիտելով, պարզ է դառնում, որ նա անկեղծ արվեստագետ է:
Արվեստասեր Իդա Կիրակոսյանն ընդգծեց, որ նկարչի կտավներում գարունը, ամառը և աշունը միասին են եկել: «Նրա վառ գույներով մատուցված հայկական բնաշխարհը տեսնելով` անգամ օտարազգիները կարող են սիրել Հայաստանը: Ուրախ եմ, որ հայ ազգը երկրորդ Մինաս ունի, որն արժանապատվությամբ է կրում այդ անունը»,-ասաց Կիրակոսյանն ու իր գրած բանաստեղծությունը նվիրեց նկարչին:
Հրապարակախոս և նկարչի ընկեր Հակոբ Մարտունու խոսքով`արվեստը կյանքի հիասքանչ պատրանքն է: «Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, դիտելով Զաքարյանի կտավները, կհավատա այդ դասական ասույթի ճշմարտացիությանը: Արվեստի հմայքն այն է, որ մռայլ իրականությունը տեսնում ես այլ գույներով: Մինասի ներկապնակն ու պատկերացումներն իրականության մասին ինքնատիպ են, գերող»,-եզրափակեց Մարտունին:
Մինաս Զաքարյանն ասաց, որ դպրոցական տարիքում սիրել ու հիացել է Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու արվեստով: «Ցուցահանդեսների եմ մասնակցել ԱՄՆ-ում, Եվրոպայում և տեղի արվեստասերները, որոնք ծանոթ են Սարյանի ստեղծագործություններին, նրա ազդեցությունն են նկատում իմ գործերում: Հավանաբար, հայրենի բնաշխարհը և կտավներիս պայծառ գույներն են պատճառը»,-շեշտեց նկարիչը:
Ցուցահանդեսին ներկայացված էին «Վայք», «Հավերժ գարուն», «Սպասում», «Կարմիր արշալույս», «Աշնան երեկո» և այլ խորագրերով 73 աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է կյանքի տարբեր ժամանակահատվածներում: