Շիրակում կրքերը թեժ են
АналитикаԱրդեն երկրորդ անգամ, Գյումրիում ուսանողները բոյկոտում են հանրապետականի դեմ: Առաջին անգամ, դա Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ՈՒսանողական խորհրդի ընտրությունների ժամանակ էր, իսկ երկրորդ հիմա է՝ Շիրակի պետական համալսարանում:
Համալսարանի ռեկտոր է դարձել մարզում հայտնի Սահակ Մինասյանը: Նա հոգով-սրտով հանրապետական լինելուց զատ, հայտնի ընտրակեղծարար է: Շիրակի մարզի Կրթության վարչության պետ եղած տարիներին, կրթական բոլոր կեղծիքները, այդ թվում տնօրենների միջոցով իրականացվող կեղծիքները կազմակերպվում էին նրա միջոցով:
Այժմ, պարոն Սահակյանը, լինելով ռեկտոր, բուհին վերաբերվում է ինչպես սեփական դուքյանի: Սա տիպական մոտեցում է Հայաստանի համար: Ցանկացած տնօրեն կամ ռեկտոր, իրեն զգում է ինչպես դուքյանի կառավարիչ ու մսխում ինչպես համապատասխան կրթական հաստատության, այնպես էլ պետության միջոցները:
Բացի ֆինանսական չարաշահումներից, պարզվում է, որ այս ռեկտորը որոշել է փոխել ուսումնական պլանները, գիտակարգերը ու կրթական գործի հետ առնչվող մի շարք երևույթներ: Տեղեկացնեմ, որ նման բան, առանց հանրային քննարկման պարզապես անթույլատրելի է:
Իրավիճակը պայթել է, երբ նա որոշել է ամբիոնի վարիչի պարտականություններից ազատել Հովհաննես Խորիկյանին: Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին: Ի աջակցություն իրենց դասախոսների, անժամկետ դասադուլ են հայտարարել Պատմության և Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Սա բացառիկ երևույթ է համալսարանի պատմության մեջ:
Նորանկախ Հայաստանում, հատկապես հանրապետականների իշխանության զավթումից հետո, մենք հազվադեպ կտեսնենք նման երևույթներ: Թերևս բացառություն էր 2008 թվականի շարժման ժամանակ եղած դասադուլը: Հուսանք, ուսանողները և դասախոսները կհաջողեն իրենց պահանջներում: Իսկ մենք պարզապես պարտավոր ենք հանրային աջակցություն ցուցաբերել նրանց:
Վահրամ Թոքմաջյան
ORER.news, վերլուծական