Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել
ЭкономикаՏարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաև դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեյշոնալ Էներջի» կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման արդյունքում, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։
Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչև տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։
Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։