Ալեն Դանքնը Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալի աճ է ակնկալում
ЭкономикаՄիացյալ Թագավորությունը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալը: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ ի պատասխան հարցին, թե ինչ է անում երկրի կառավարությունը Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը խթանելու, ինչպես նաեւ դեպի Հայաստան ներդրումներ խրախուսելու համար:
«Դա լրջագույն հարցերից է, որ ուզում ենք քննարկել այս այցի շրջանակում: Կան մի քանի մոտեցումներ: Նախ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այս երկիրը գրավիչ լինի առեւտրի համար, քանի որ լավ բիզնես միջավայր ունենալու պարագայում են ներդրողները սկսում հետաքրքրվել եւ գալ տվյալ երկիր: Մի լավ քայլ կա, որ դուք փորձում եք անել: Դա Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է, ակնկալում եք մյուս տարի արդեն իսկ միանալ: Սա աշխարհին ցույց է տալիս, որ հատկապես հանքարդյունաբերական ոլորտում դուք շատ բարձր չափանիշ եք ձեւավորելու:
Դա կլինի բարենպաստ»,-ասաց նա:
Պաշտոնյայի խոսքով՝ կա ցանկություն այլ ոլորտներում եւս համագործակցել Հայաստանի հետ եւ բիզնեսներ իրականացնել:
«Այդ իսկ պատճառով նշանակել ենք առեւտրի ներկայացուցիչ, ով կգա եւ կուսումնասիրի այս ոլորտը եւ Հայաստանից տեղեկատվություն եւ գաղափարներ կտանի Միացյալ Թագավորություն, թե ինչպես կարելի է այստեղ ներդրումներ անել:
Հուսանք՝ երբ հաջորդ անգամ այցելեմ Հայաստան, առեւտրաշրջանառության ծավալն ավելացած կլինի»,-եզրափակեց Ալեն Դանքնը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։