Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' նախարար Լիդինգտոնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը:
Նախարարներն ընդծել են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է:
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:
Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։
Բանակցությունների օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:
Հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս: