Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են արոտների ջրարբիացման աշխատանքներ
ЭкономикаԳեղարքունիքի մարզի Վահան, Աղբերք, Այգուտ, Վարսեր, Ներքին Գետաշեն, Խաչաղբյուր, Ախպրաձոր, Շատվան, Ծովազարդ, Այրք, Վաղաշեն գյուղերում, Ճամբարակ եւ Մարտունի քաղաքներում իրականացման կամ նախագծման փուլերում են գտնվում արոտների ջրարբիացման ծրագրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակ»-ի Գեղարքունիքի մարզի համակարգող Խորեն Բադալյանը, 2017 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ շինարարությունը մեկնարկել եւ ընթանում է Ճամբարակ, Ծովազարդ, Այրք եւ Վաղաշեն համայնքներում: Աշխատանքները նախագծման փուլում են գտնվում Վահան, Այգուտ, Աղբերք, Մարտունի, Ներքին Գետաշեն, Ախպրաձոր, Խաչաղբյուր, Շատվան, Վարսեր համայնքներում:«Վահանում կառուցվելու է 500 մետր ջրագիծ, 2 աղբյուրակապ, 1 խմոց, Աղբերքում՝ 3,2 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 2 խմոց, Այգուտում՝ 3,5 կիլոմետր ջրագիծ, 3 խմոց, 1 աղբյուրակապ, Ներքին Գետաշենում՝ 800 մետր ջրագիծ, 1 խմոց, Վարսերում՝ 1,2 կիլոմետր ջրագիծ, 1 խմոց, Վաղաշենում՝ 16 կիլոմետր ջրագիծ, 3 խմոց, 2 աղբյուրակապ, Ծովազարդում՝ 6 կիլոմետր ջրագիծ, 2 խմոց, 1 պոմպակայան, Մարտունի քաղաքում՝ 1,8 կիլոմետր ջրագիծ, 1 խմոց, Այրքում՝ փարախ, անասնապահի տնակ, 500 մետր ջրագիծ, 1 խմոց, Ախպրաձորում՝ 3,8 կիլոմետր ջրագիծ,1 աղբյուրակապ, 3 խմոց, Շատվանում՝ 3 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 2 խմոց, Խաչաղբյուրում՝ 6,5 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 3 խմոց, Ճամբարակ քաղաքում՝ 2 կիլոմետր ջրագիծ եւ 2 խմոց: Ընդհանուր առմամբ՝ ջրարբիացվելու է մոտ 40 հազար հեկտար արոտավայր: Արոտների ջրարբիացման բոլոր ծրագրերն ավարտված կլինեն 2018 թվականի ամռան կամ աշնան ամիսներին»,-հավաստեց Խորեն Բադալյանը:
Նույն աղբյուրի համաձայն՝ արոտների ջրարբիացման համար ներդրվող գումարը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ իրացված կլինի 2018 թվականի ընթացքում: Բացի այդ, վերոնշյալ համայնքների արոտ օգտագործող ընկերությունները նույն ծրագրի շրջանակներում ստացել կամ ստանալու են ժամանակակից գյուղտեխնիկա: