ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարին
ЭкономикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է պարբերական բնույթ ստացած ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ամրապնդում և խորացնում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Վլադիմիր Բուլավինը շնորհակալություն է հայտնել միավորված կոլեգիայի 24-րդ նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր նիստ մաքսային ոլորտում մասնակից երկրների փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից չափազանց կարևոր է և նպաստում է գործընկեր պետություններում մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը:
ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է երևանյան նիստում քննարկված հարցերը՝ նշելով, որ հագեցած օրակարգի շրջանակներում բավական արդյունավետ աշխատանք է իրականացվել, ինչը կնպաստի մաքսային ծառայությունների առջև դրված խնդիրների բարձր մակարդակով լուծմանն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացմանը: