ԵԿՄ-ն հրատարակել է պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության և կրթության ձեռնարկ (տեսանյութ)
TVArmnewstv.am-ը գրում է. Ով` ոնց, այս քառյակն անխախտ է` 2+2 ձևաչափով` գեներալներ Գրիգորյան-Սարոյան, նախարարներ Օհանյան-Աշոտյան: Մինչև կմոտենա Պաշտպանության նախարարը, Մանվել Գրիգորյանը զգուշացրեց` այսօր հարցերին պատասխանողն ինքը չէ` այսքան պատանի երկրապահ կա: Ուղղություն դեպի օրվա հերոսներ` պատանի երկրապահները կազմ-պատրաստ, մուզզվոդը զգաստ` զորավարին են ողջունում: Սա այն դեպքն է, որ նույնիսկ դիրիժորը ոչ թե իր նվագամբին է հետևում, այլ գեներալին:
Եթե խոսքը հայրենասիրական ուսումնական ձեռնարկի մասին է, Մանվել Գրիգորյանը կխախտի իր խոսքն ու հենց ինքն էլ կպատասխանի հարցերին: Վերջապես պատրաստ է բրոշյուրը, որը 6 ամիս գեներալների զույգի սեղանի գլխավոր գիրքն է: Կփոխանցեն դպրոցականներին: Այդ ընթացում պատանի երկրապահը ԵԿՄ նախագահի ամենասիրած ֆրազն էր արտաբերում` «Վերևն Աստված, ներքևում` հայրենիք ու ծնողներ»: Մանվել Գրիգորյանը հպարտությունից քրտնեց: Որտեղ Մանվել Գրիգորյան, այնտեղ գերիների թեմա: Գեներալը իր Սիմոնին հիշեց` ադրբեջանցի գերուն, որին նույնիսկ իր տանն է պահել: Անուն-ազգանունը հենց ինքն էլ որոշել է: Սիմոն Սիմոնյան: Սիմոնին 4 տարի պահելուց հետո Մանվել Գրիգորյանն առոք-փառոք վերադարձրել է Ադրբեջանում սպասող նշանածին:
Մանվել Գրիգորյանը եռյակի հանրահավաքներին չի հետևում` մեկ-մեկ նայում է ու ԲՀԿ առաջնորդի խոսքերից զարմանում.
«Բաղդադ էլ խուրմա կա», -ասաց ու գնաց պատանի երկրապահների մոտ խրատով` գիտելիքները սատանային չծառայեցնել: Դրա համար արդեն ուսումնական ձեռնարկ ունեն, ինչի համար շնորհավորում է բոլորին, նաև` լրագրողներին: