Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը. ՀՀ դեսպան
ЭкономикаՀայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի առթիվ սեպտեմբերի 28-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Մայր տաճարում կազմակերպել էր համերգ, որին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սկզբում հնչեց Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայի ուղերձը, որով կարևորվեց Հայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման անցկացումը Տալլինի կենտրոնական եկեղեցում:
Բացման ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Հայաստան-Էստոնիա հարաբերությունների 25-ամյակին, ինչպես նաև հայ-էստոնական շուրջ երկուհարյուրամյա պատմությանը: Դեսպանը նշեց, որ 19-րդ դարում երկու ժողովուրդներին հատուկ էին որոշ ընդհանրություններ. այդ ժամանակաշրջանում թե՛ էստոներեն և թե՛ հայերեն լեզուների արդիականացում է տեղի ունեցել: Երկու ժողովուրդների՝ հանուն անկախության պայքարը նույնպես որոշ ընդհանրություններ ունի: Դեսպան Մկրտչյանը վերհիշեց էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի՝ Հայոց ցեղասպանությունից հազարավոր հայ որբերի փրկելու և նրանց կրթելու սրբազան առաքելությունը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Էստոնիայի ժողովրդին 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տրամադրած աջակցության համար: Դեսպանը նշեց, որ արդի փուլում հայերն ու էստոնացիները ոգեշնչվել են մեկը մյուսի անկախության շարժումներով և աջակցել են մեկմեկու: «Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը. բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը համապատասխանաբար մեծ նշանակություն է տրվում մեր երկու երկրների ղեկավարությունների կողմից, և ես ուրախ եմ, որ առկա է երկկողմ հետաքրքրվածություն այդ ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ», - նշեց Տիգրան Մկրտչյանը:
Համերգին ներկա էին Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխխոսնակ Էնն Էեսման, պատգամավորներ, Էստոնիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգի ընթացքում հնչեցին Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Հենդելի, Բախի, Սեն-Սանսի և այլ ստեղծագործություններ: