Ազգային նոր պետություններ. հաջորդը Եվրոպան է
АналитикаԻրաքյան Քուրդիստանի դեպքերին հաջորդում են Կատալոնիայի դեպքերը։ Վաղուց հայտնի է, որ Կատալոնիայում գործում էր շարժում, որն իր առջև խնդիր էր դրել անկախանալ Իսպանիայից։ Կատալոնացիներն առանձին ազգ են, որն ունի իր մշակույթը, լեզուն, ինչու՞ ոչ, նաև տնտեսությունը։
Անկախության հանրաքվեն նախատեսված է իրականացնել այս տարվա հոկտեմբերի մեկին։ Սակայն ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին:
Իսպանիայի սահմանադրական դատարանն այս նախաձեռնությունն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք:
Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը հայտարարել է, որ ամեն դեպքում, Կատալոնիայի բնակիչները կմասնակցեն հոկտեմբերի մեկին նախատեսված հանրաքվեին։
Այս գործընթացներում մենք տեսնում ենք աշխարհի ձևափոխվող նոր քաղաքական քարտեզ, որտեղ իրենց ուրույն տեղն են ունենալու ազգային պետությունները։ Սա տրամաբանական է։ Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ 20-րդ դարի սկզբում, արհեստական գործընթացների արդյունքում գծվեցին սահմաններ, որոնք չէին բխում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շահերից։ Նույնը տեղի էր ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի հետ։
Իսպանացիներն իհարկե դեմ են այս հանրաքվեին։ Նրանք դեմ են ոչ միայն այն պատճառով, որ խնդիրն Իսպանիայի մասնատման և տարածքային կորուստների մեջ է։ Կա նաև ավելի հիմնավոր պատճառ։ Դա ֆինանսական միջոցներն են։ Իսպանիայի բյուջեի հսկայական մասը գոյանում է հենց Կատալոնիայի հաշվին։ Ի՞նչ կարող են անել իսպանացիները։ Բացի ոստիկանական միջամտությունից, նրանք թերևս կարող են ֆուտբոլային ճնշումների ենթարկել Կատալոնիայի սիմվոլ հանդիսացող Բարսելոնա ակումբին։ Սա որքան էլ իր մեջ հումորի պարունակի, տրամագծորեն նույնաչափ նաև տրամաբանական է։
Մյուս կողմից, Կատալոնիայի նման վարքագիծը կարող է շղթայական զարգացման էֆեկտ ունենալ ու նույն քայլին գնան բասկերը, որոնք ևս դեմ չեն անկախությանն ու ավելի ռադիկալ մեթոդներով են պայքարում։ Դե ինչ, սպասենք դեպքերի սուր զարգացմանը։
Զաբել Ռուբինյան, orer.am վերլուծաբան