Նկարիչ Պետիկ Պետրոսյանի գեղանկարչական և գրաֆիկական գործերը ներկայացվեցին արվեստասերներին
КультураԲուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, որոնք պատմում են Հայաստանի, Սիլիստրայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Պետիկ Պետրոսյանի կտավներն առաջին անգամ են ցուցադրվում նրա հայրենիքում: Չունենալով բաձրագույն կրթություն` նա իր արվեստը կերտել է` հենվելով ռումինական նկարչության վրա: Պետրոսյանի աշխատանքներում նկատելի է նաև բուլղարացի նկարիչների ազդեցությունը»,- նշեց ցուցադրության համադրող Մարգարիտա Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ շեշտը դրել է նկարչի ստեղծած ծովային տեսարանների վրա: «Առանձին սրահում ներկայացված են ցամաքային պատկերները, սոցռեալիստական շրջանի աշխատանքները, Սիլիստրայի Սուրբ Աստվածածին հայկական առաքելական եկեղեցու սրբապատկերը, զարդանախշերի վերատպությունները»,-եզրափակեց նա:
Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի խոսքով` ցուցահանդեսի «Նավամատույցներ» խորագիրը վերաբերում է Բուլղարիային, որը հայ ազգի համար ծանր ժամանակաշրջանում ապաստան է տրամադրել նկարչին: «Քանի որ այս տարի լրանում է Բուլղարիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ես չեմ կարող չընդգծել գեղանկարչի աշխատանքների հիմնական հաղորդագրությունների արդիականությունն ու վավերականությունը ներկայիս համատեքստում: Նրա անձնական և գեղարվեստական ժառանգությունը հարստացրել ու ամրապնդել են Բուլղարիայի և Հայաստանի միջև մշակութային երկխոսությունը»,-եզրափակեց դեսպանը:
Ընդգրկված էին աշխատանքներ նկարչի ընտանիքի և մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի, Վառնայի, Պլովդիվի պատկերասրահներից, բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Ցուցահանդեսն իրականացվեց ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ: